Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նորի՞ց է բռնկվելու

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նորի՞ց է բռնկվելու
30.06.2017 | 15:50

Անցած տարվա ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ եղան, որոնց հետևանքով զոհվեց 200 (որոշ տվյալներով՝ նույնիսկ 2 հազար) մարդ: Մարտերը հաջողվեց դադարեցնել միջազգային ճնշման շնորհիվ, սահմանի նշանակալից փոփոխություն չեղավ: Անցած տարվա մայիսին ու հունիսին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը երկու հանդիպում ունեցան (Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում), որոնց ընթացքում նրանք հասան հրադադարի պահպանման վերահսկողության պայմանավորվածության: Այդ քայլը պետք է սկիզբ դներ կոնֆլիկտի լուծման ճանապարհների որոնման բանակցություններին:
Այդ ընթացքում աշխարհաքաղաքական իրավիճակում փոփոխություններ եղան: Թուրքիայի նախագահ Էրդողանը 2016-ի հունիսի վերջին իր ներողությունները ներկայացրեց Ռուսաստանին սիրիա-թուրքական սահմանի մոտ խփված ռուսական Су-24-ի համար:

Հետո իրադարձություններն արագություն հավաքեցին, մերձեցման գնացող Մոսկվան ու Անկարան շահագրգռված չէին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտերի վերսկսկումով: Թուրքիան այս կոնֆլիտում հայտարարում է ադրբեջանական կողմին բացարձակ աջակցություն, ռուսական քաղաքականությունն ավելի ճկուն է թվում: Մի կողմից՝ Մոսկվան զենքի հիմնական մատակարարն է Բաքվին, մյուս կողմից իր վրա է վերցրել Երևանի ռազմական հովանավորի դերը: Հայաստանը Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ի անդամ է և հայկական տարածքում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:
Ռուսաստանի ոչ միանշանակ դիրքորոշումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, նրա մերձեցումը Թուրքիայի հետ և հայերի կողմից փաստի գիտակցումը, որ ադրբեջանցիներն իրենց վրա կրակում են ռուսական զենքից, նպաստեցին հակառուսական տրամադրությունների բռնկմանը: Իրադարձությունների բարձրակետը դարձավ ոստիկանական գնդի գրավումը Երևանում արմատական ընդդիմության կողմից: Թեպետ միջադեպը կարելի է որակել ահաբեկչություն, հասարակության մեջ աջակցություն ստացավ ու զանգվածային ցույցեր հարուցեց: Չնայած դրան ապրիլին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցությունը, որտեղ առանցքային դեր է կատարում կրեմլամերձ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եկող տարի նա, դատելով իրավիճակից, կդառնա երկրի նախագահ:


Ընտրությունների արդյունքը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը չօգտագործեց Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու շանսը՝ չօգնեց իր իրավունքները պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հարցում և չնպաստեց հայ-վրացական մերձեցմանը: Թբիլիսիի ու Երևանի, նաև ՆԱՏՕ-ի համար, Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների ամրապնդումը սպառնալիք է ներկայացնում: Բացի այդ՝ Ադրբեջանում հաստատվել է ավտորիտար վարչակարգ, Թուրքիայում առավել դաժան է դառնում բռնապետությունը:
Եվրոպան պետք է, կողմնորոշվելով իր սեփական արժեքներով, աջակցեր իրեն մշակութային ու քաղաքակրթական առումով մոտ Վրաստանին ու Հայաստանին, նպաստեր այս երկրների փոխգործակցությանը և ժողովրդավարության զարգացմանը: Երևանի ազատագրումը ռուսական գրկախառնումից կնշանակի Մոսկվայի աշխարհաքաղաքական պարտություն (որոշ չափով նաև Թուրքիայի) և կարող է այլընտրանքային տարանցիկ ճանապարհ բացել իրանական (հնարավոր է նաև՝ իրաքյան ու քրդական) նավթի ու գազի առաջ: Միաժամանակ կհայտնվեր Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշման գործիք: Նրանք ստիպված էին լինելու ընտրել երկու տարբերակներից՝ համակերպվել իրավիճակի հետ և առավել փափուկ քաղաքականություն վարել Եվրոպայի նկատմամբ կամ դատապարտվել լիակատար կախվածության Ռուսաստանից: Բայց դա տեղի չունեցավ, թեպետ ադրբեջանական ու հայկական ուժերի միջև բախումների վերսկսումը կարող է փոխել իրավիճակը: Ոչ Մոսկվան, ոչ Անկարան դա չեն ուզում: Մի կողմից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոյությունը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ Անդրկովկասի ապակայունացումը թույլ չի տալիս զարգացնել նրա տարանցիկ դերը, Հայաստանին կախման մեջ է դնում Մոսկվայից, նաև ստիպում է երկու կողմերին ռուսներից ավելի շատ զենք գնել: Կրեմլը բացարձակապես շահագրգռված չէ ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական լուծումով: Տեսականորեն ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող էր նպաստել խաղաղ կարգավորման ծրագրի ստեղծմանն ու կենսագործմանը, բայց դրա համար ցանկություն է պետք, իսկ ցանկություն չկա:

Մյուս կողմից, Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասշտաբային մարտական գործողությունների բռնկումը Ռուսաստանին ու Թուրքային անհարմար վիճակի մեջ է դնելու՝ նրանք իրենց աջակցությունը երաշխավորել են հակամարտ կողմերին: Էսկալացիան, սակայն, կարող է բոլոր դեպքերում լինել, քանի որ Ադրբեջանը անցած տարվա ապրիլին մարտերի դադարից հետո սպասում էր ոչ այնքան միջազգային վերահսկողության ուժեղացում սահմանին (շփման գծում), որքան յոթ շրջանների վերադարձ, որ օկուպացրել են Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը: Այդ տարածքները Հայաստանը գրավել է 1994-ին, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում չեն: Երևանի համար կարևոր է պահպանել նրանց վերահսկողությունը, քանի որ մարտավարական առավելություն են տալիս (տեղանքի ռելիեֆի պատճառով):


Անցած տարվա ապրիլին, երբ մարտերը դադարեցին, Հայաստանը մեծացրեց իր զորքերի ներկայությունը սահմանին, իսկ Լեռնային Ղարաբաղի զինվորականները հաստատեցին նոր պաշտպանական-հարձակողական պլանը, որի համաձայն՝ ադրբեջանական ուժերի հարձակման դեպքում նրանք անցնում են հակահարձակման և փորձում են սահմանը 15 կիլոմետրով խորացնել ադրբեջանական կողմում:
Մյուս կողմից՝ ոչ մեծ տարածքային ձեռքբերումները, որոնց Բաքվին հաջողվեց հասնել, նրան համոզեցին, որ հարցը կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Այդ պատճառով մեծացավ միջադեպերի թիվը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, միայն հունիսի առաջին կեսին հրադադարը խախտվել է 300 անգամ:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտին նվիրված զեկույցում International Crisis Group-ը զգուշացնում է, որ կռիվները կարող են ցանկացած պահի վերսկսվել, ռիսկը մեծացնում է շփումների որևէ ալիքի բացակայությունը հայ ու ադրբեջանցի զինվորականների միջև և առաջընթացի բացակայությունը քաղաքական բանակցություններում, նաև քաղաքական գործիչների որևէ որոշում ընդունելու ցանկության բացակայությունը, որը թույլ կտար կայուն խաղաղություն հաստատել:


Ստեղծված իրավիճակն Ադրբեջանը համարում է շահեկան թե ռազմական, թե արտաքին քաղաքական տեսակետից, հույս ունենալով փոխել ստատուս քվոն: Խոսքը, մասնավորապես, ռազմական ուժի գերազանցության և ռուս-թուրքական համագործակցության մասին է: Ադրբեջանը կարծում է, որ Կրեմլը չի վտանգի Բաքվի ու Անկարայի հետ իր հարաբերությունները՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը ադրեբեջանական ուժերի կողմից գրավելուց, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան նվազագույնը չեզոքություն կպահպանեն: Վաշինգտոնը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումով իր համար ոչ նշանակալից պատճառներով, իսկ եվրոպացիները ադրբեջանական նավթի ու գազի կարիքն ունեն: Հայաստանը ձգտում է պահպանել ստատուս քվոն, որին նպաստում է առաջընթացի բացակայությունը խաղաղ բանակցություններում:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարները կախված են երեք պայմանների կատարումից՝ Լեռնային Ղարաբաղի կողմից իր օկուպացրած յոթ շրջանների վերադարձից, չճանաչված հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումից և միջազգային ուժերի տեղակայումից՝ ընդունված որոշումների կատարումը վերահսկելու համար: Ադրբեջանը հույս ունի, որ սկզբից կստանա յոթ շրջանները և միայն դրանից հետո կսկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման վերաբերալ՝ չհայտարարելով, որ պատրաստ է ընդունել նրա ինքնիշխանությունը կամ համաձայնել Հայաստանի հետ միանալուն: Բաքուն ասում է, որ պատրաստ է քննարկել տարածաշրջանի լայն ինքնավարություն միայն ադրբեջանական սահմաններում: Հայաստանը (այդ մասին ուղիղ չհայտարարելով, որովհետև նման որոշումը կարող է բողոքներ բարձրացնել) պատրաստ է յոթ շրջանները հանձնել՝ պայմանով, որ դրանից առաջ Ադրբեջանը կընդունի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Այդ տարածքներից հրաժարվելը կթուլացնի հայկական պաշտպանական ներուժը և կարող է ադրբեջանցիներին մղել Ղարաբաղի կարգավիճակի հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:


Անցած տարեվերջին լուրեր տարածվեցին «Լավրովի պլանի» գոյության մասին, որի կետերը հակասում են Հայաստանի շահերին: Լավրովի պլանը նախատեսում է, որ Երևանը դեռ 2016-ին պիտի Բաքվին վերադարձներ հինգ շրջանները, հետո միայն սկսեր բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մեխանիզմների շուրջ: Նման պլանի գոյության փաստը ռուսները ի վերջո հերքեցին: Ամեն ինչ վկայում է, որ մասշտաբային ռազմական գործողությունների նոր բռնկումը միայն ժամանակի հարց է: Թեպետ Ռուսաստանը շահագրգռված չէ իրադարձությունների այդպիսի զարգացումով, կասեցնել չի կարող և չի ձեռնարկի ակտիվ գործողություններ Երևանին պաշտպանելու համար: Փոխադարձ ռազմական պաշտպանության ոլորտում ռուսական պարտավորությունները չեն տարածվում այն տարածքների վրա, որ միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի մաս չեն: Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը կհայտնվի մեկուսացման մեջ (այսինքն՝ դատապարտված կլինի Կրեմլից կախվածության), քանի որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի (և Եվրոպայի) ճնշման տակ չի սկսի պաշտպանվել Ադրբեջանի հարձակումներից և կսահմանափակվի խաղաղության կոչերով: Եթե Արևմուտքը կարողանա օգտագործել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի այդ ոչլոյալությունը, կկարողանա Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը շրջել Ռուսաստանի համար ոչ շահեկան ուղղությամբ:
Վիտոլդ ՌԵՊԵՐՏՈՎԻՉ, Defence24, Լեհաստան


Հ.Գ. Չոր մնացորդի տեսակետից ամեն ինչ ճիշտ է: Մենք ապավինում ենք պատմությանը, պատմական ճշմարտության մեր ընկալմանը, համաձայնագրերին ու քաղաքականության մեր պատկերացումներին, իսկ կա չոր հաշվարկ՝ այս պահին ում ինչ է ձեռնտու: Եվ բոլորովին այնպես չէ, որ Ադրբեջանը ճիշտ է հաշվարկում՝ ԱՄՆ-ը ու Եվրոպան լոյալ կմնան՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու և նավթի ու գազի: Թուրքիայի հետ հարաբերությունները բոլորովին այլ պատմություն են և Անկարան հանուն Բաքվի չի մտնի նոր պատերազմի մեջ՝ հայտարարություններ կանի, զենք ու փող կտա, այդքանը: Ադրբեջանի նավթն ու գազն էլ Եվրոպայի էներգետիկ շուկայում այնքան գին չունեն, որ հանուն էներգակիրների Եվրոպան հրաժարվի իր քաղաքական ու տնտեսական շահերից տարածաշրջանում, որտեղ աշխարհաքաղաքական առանցքներն են հատվում: Եվ հետո՝ կա Իրանը, որ հանգիստ չի նայելու՝ ինչ է կատարվում իր սահմանին: Ստացվում է, որ իրականում, Ադրբեջանը ամեն պահ պատրաստ է հրադադարի խախտման ու չի բացառվում նաև պատերազմի, բայց առանց որևէ երաշխիքի, որ կստանա Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ռուսաստանի աջակցությունը: Ռուսները «Լավրովի պլանի» գոյությունը հերքեցին, երբ անցյալ ապրիլին այդ պլանը ռազմական ձախողման մատնվեց, դիրքային մարտերը շարունակվելու են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ